«Եթե Թրամփը դառնա ԱՄՆ նախագահ, ապա մենք կհամագործակցենք»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինքնին հասկանալի է, որ Զելենսկիի համար Թրամփի նախագահությունը վատ սցենար է, որովհետև այդ պարագայում նրա ընտրությունը լինելու է վատի և վատթարագույնի միջև:
Բայց Զելենսկին գիտի, որ իր ցանկությունները որոշիչ չեն ամերիկյան ընտրողի համար և, ըստ էության, առաջ է քաշում պլան «բ»:
Արդյո՞ք այդպիսին ունի Փաշինյանը, եթե ամիսներ անց ԱՄՆ-ում փոխարինվեն այն պաշտոնյաները, որոնց նա զանգելու հնարավորություն ունի:
Եղած փաստերը հուշում են, որ Փաշինյանը նման պլան չունի, հակառակ դեպքում՝ փոփոխությունների կենթարկվեր Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու նրա քաղաքականությունը, ինչը, ի դեպ, ավելի բովանդակային կդարձներ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները:
Եթե Հայաստանի իշխանության ղեկին լինեին ռազմավարական հաշվարկ ունեցող մարդիկ, թերևս, կգիտակցեին, որ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության հետ արդյունավետ համագործակցությունը ոչ միայն կնպաստի Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային, այլև կմեծացնի Հայաստանի սուբյեկտայնությունը նույն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ